Առաջիկայում հերթական անգամ ու արդեն «բարի ավանդույթ» դարձած գործելաոճով կօգտագործվեն քրդերը՝ ընդդեմ Իրանի:
Հավանաբար, նրանց մեծ սիրով կմիանան Սիրիայի բանտերից հատուկ այդ նպատակով ազատված Իսլամական պետության մի քանի հազար զինյալներ:
Առնվազն կա տպավորություն, որ ԱՄՆ-ը և Իսրայելը որոշակիորեն թերագնահատել էին Իրանին: Հարակից ինֆոհոսքերը վստահորեն հաստատում են այդ թեզը: Դա նաև տրամաբանական է, քանի որ մեծ պատերազմում կանխատեսման մեջ շեղման շեմերը կարող են կտրուկ փոփոխվել:
Չի բացառվում, որ խնդիրը ցանկանում են լուծել Իրանում քաղաքացիական պատերազմ, բախումներ հրահրելով, սակայն դա երկարաժամկետ ու շատ ռիսկային «լուծում» է:
Ի դեպ, Ծոցի արաբական երկրները, իրենց տարածքներում ունենալով ամերիկյան ռազմաբազաներ, արդյո՞ք առավել բարձրացրին իրենց երկրների անվտանգության մակարդակը. տնտեսական կորուստների մասին չեմ խոսում:
Հիշեցնեմ, որ Իրանը ունի բարձր հարստացման ուրանի բավական մեծ ծավալներ, և դժվար է կանխատեսել, թե դրանք ինչ կերպ կօգտագործվեն:
Չմոռանանք նաև, որ Իսրայելը տիրապետում է տակտիկական միջուկային զենքի:
Մի խոսքով, առավել «ուրախ» դժվար է այս փուլում պատկերացնել, չնայած, մեծագույն հավանականությամբ, «վաղը չէ մյուս օրը» այսօրվան կարող են երանի տալ:
Ալեն Ղևոնդյան